Իտալական SiViaggia հրատարակությունում լրագրող Էմմա Սանտոն գրել է Հայաստանի մասին, որպես մի երկրի, որը «մշակութային կենտրոն է, որը ողջունում է բոլորին, ովքեր ցանկանում են ուսումնասիրել և բացահայտել այն ամենը, ինչ այն առաջարկում է»։
Հայաստանն այժմ ավելի հասանելի է դարձել իտալացիների համար Միլան Մալպենսայից, Հռոմ Ֆիումիչինոյից և Վենետիկ Մարկո Պոլոյից ուղիղ չվերթների հարմարավետության շնորհիվ։ Այս թռիչքները ի հավելումն են խոշոր ավիաընկերությունների եվրոպական կենտրոնների հետ կապերին: Հայաստանը դեռևս համեմատաբար չբացահայտված ուղղություն է, բայց արժե այցելել իր հարուստ մշակութային գանձերի, գեղեցիկ տեսարանների, ջերմ հյուրընկալության և բնության ու փորձի բազմազանության համար:
Փոքր երկիր՝ մեծ մշակութային ժառանգությամբ
Հայաստանը փոքր հանրապետություն է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ և տպավորիչ բնական լանդշաֆտներով, սարահարթերով և ձորերով, լեռներով, որոնք հասնում են ծովի մակարդակից ավելի քան 4000 մետր բարձրության: Հայկական քաղաքակրթությունը ունի երեք հազարամյա պատմություն, յուրահատուկ լեզու և ինքնատիպ այբուբեն։
Ասիայի և Եվրոպայի միջև այս կամրջի զբոսաշրջային առաջարկը բազմազան է, ունի չորս հիմնական ուղղություններ՝ մշակույթ, սնունդ և գինի, բնություն և արկածներ:
Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին։ Հայաստանը պատմության, արվեստի և հոգևորության գանձարան է։ Այցելուները կարող են ուսումնասիրել վեհաշուք միջնադարյան վանքերը, որոնք տեղակայված են լեռների, հնագիտական վայրերի, հուշարձանների, թանգարանների և պատկերասրահների մոտ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է տեղական մշակույթի տարբեր դարաշրջաններ և աշխարհի յուրահատուկ ընկալումը տեղի արվեստագետների կողմից:
Հայերի պատմությունը կարելի է տեսնել խաչքարերի և քանդակների մեջ, որոնք այս ժողովրդի խորհրդանիշներից են, ով կարողացել է պահպանել իր մշակութային ինքնությունը և միշտ ճանաչել գիտելիքի ու ուսման արժեքը։ Այս մասին է վկայում Մատենադարանը՝ Ձեռագրերի ինստիտուտը, որտեղ պահվում է ավելի քան 17000 ձեռագրեր։
Գաստրոնոմիան և գինու ավանդույթը
Հայաստանի սննդի և գինու հարուստ ավանդույթները ունեն հին արմատներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է ընդգրկված լավաշը՝ հայկական հացի տեսակ, տոլման՝ խաղողի տերևներով փաթաթանները և քաղցրավենիքները, ինչպիսիք են գաթան, որոնք որքան պարզ են, որքան համեղ:
Կարևոր մաս է կազմում նաև գինու զբոսաշրջությունը։ Փաստորեն, այս տարի Հայաստանը կհյուրընկալի UNESCO-ի 8-րդ համաշխարհային կոնֆերանսը՝ նվիրված գինու տուրիզմին։ Ենթադրվում է, որ Արենի 1 քարանձավը հանդիսանում է աշխարհի ամենահին գինու արտադրության վայրը, որն ունի ավելի քան 6000 տարվա պատմություն: Դուք կարող եք համտեսել տեղական և միջազգային խաղողի տեսականուց պատրաստված տարբեր գինիներ գինեգործարաններում, որոնք սփռված են տարբեր մարզերում, ինչպես նաև Երևանի գինու օրերի ընթացքում, որը կկայանա մայրաքաղաքի կենտրոնում հունիսի 7-ից մինչև հունիսի 9։
Բնություն և արկածներ
Նրանց համար, ովքեր սիրում են բնությունը և բացօթյա գործունեությունը, այս փոքրիկ երկիրը բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում՝ արշավից մինչև թրեքինգներ: Արկածների սիրահարները կարող են միանալ ռաֆթինգի Դեբեդ գետում, SUP-ի Ազատի արհեստական լճում, կարող են սուզվել Սևանա լճում, մասնակցել զիփլայնինգի, պարապլայնինգի, ժայռամագլցման և գեղատեսիլ վայրերում կանյոնինգի: Վազքի սիրահարների համար ապրիլի 28-ին կկայանա Երևանի մարաթոնը, որը կանցնի մայրաքաղաքի փողոցներով։
Եվ բաց մի թողեք օդապարիկով զբոսանքը՝ որի ընթացքում Ձեր առջև կբացվեն հիասքանչ տեսարաններ: Հայաստանը նաև իդեալական վայր է ձմեռային մարզաձևերի համար։ Այստեղ կան լեռնադահուկային հանգստավայրեր, օրինակ Ծաղկաձորը՝ հագեցած ժամանակակաից հարմարություններով, այստեղ բարձրությունը ծովի մակարդակից գերազանցում է 2800 մետրը, ինչպես նաև նոր լեռնադահուկային հանգստավայր կա Եգիպատրուշում։ Վերոնշյալ երկու վայրերը հեռու չեն գտնվում Երևանից։ Փետրվարի 24-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքից հյուսիս՝ Ամասիայում, -46°C ջերմաստճանում կազմակերպվում է ձմեռային փառատոն, որի ընթացքում կարող եք զբաղվել սնոուբորդով, տուբինգով, Սնոուկայտինգով և դահուկասահքով: