Բաց մի՛ թողեք անմոռանալի ու հիաշարժան աշնանային օրեր անցկացնելու հնարավորությունը։
Աշունը քաղաքամայր Երևանում ու մի շարք մարզերում խոստանում է տաք, արևային եղանակ, բերքառատություն, գունագեղ բնություն։ Աշնանային ջերմ օրերին Հայաստանում անցկացվում են մեկը մյուսից հիշարժան փառատոններ, որոնց շրջանակներում, Ձեզ, անկասկած, սպասվում են նոր ու վառ տպավորություներով, անմոռանալի հանդիպումներով ու էմոցիաներով լի օրեր։
Եթե կուզեք ձեզ զգալ երաժշտագետ, ուտեստների համտեսող, կամ, ասենք, կոնյակի ու գինու համտեսող, ապա խորհուրդ ենք տալիս բաց չթողնել հայաստանյան փառատոնները։ Սրանք անցկացվում են ոչ միայն Երևանում, այլև մյուս մեծ քաղաքներում, փոքրիկ, կոլորիտային գյուղերում և, վերջիվերջո, հանրապետության յուրաքանչյուր գեղատեսիլ անկյունում։
Հայաստանի փառատոնները
Հայաստանում փառատոնի օրերը կրկնակի տոն են դառնում բոլորի համար, որի ընթացքում թե՛ փոքրերը, թե՛ մեծերը զվարճանում են, հաճելի ժամանակ անցկացնում, համեղ ուտեստներ համտեսում, հետաքրքիր նորարարությունների ականատես լինում։ Հայաստանում տարվա ցանկացած եղանակի կարելի է մասնակից դառնալ որևէ փառատոնի՝ լինի դա խորովածի կամ տոլմայի փառատոն, մեղրի կամ մրգի։ 2023 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ավելի քան 30 տարբեր միջոցառում։
Եկե՛ք ծանոթանանք Հայաստանում անցկացվելիք աշնանային փառատոններց մի քանիսին։
Գինի և մշակույթ
Գաստրոնոմիական այս փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Արագած լեռան ստորոտին երկրի լավագույն գինեգործները Ձեզ կներկայացնեն իրենց բացառիկ ու նոր ապրանքատեսակները, ինչպես նաև կառաջարկեն համտեսել տարբեր գինիներ: Այդ օրը ցանկացած զբոսաշրջիկի համար հիանալի առիթ է ստեղծվում համտեսելու ավանդական ուտեստներ, վայելելու հայկական երաժշտությունն ու պարը՝ Հայաստանի ազգային խմբերի կատարմամբ։
«Կիբերֆեստ» մեդիա արվեստի միջազգային փառատոն
Հայաստանում երկրորդ անգամ անցկացվող նորարարական այս փառատոնի ժամանակ համախվում են արվեստի տարբեր բնագավառների ավելի քան 60 մասնագետ և գիտական համայնքի ներկայացուցիչներ․ նկարիչներ, տեսաբաններ, ծրագրավորողներ, մեդիա-ակտիվիստներ, ինժեներներ։ «Կիբերֆեստ»-ի 15-րդ ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 2-ից 18-ը, Երևանի երեք վայրերում՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, Ժամանակակից արվեստների ինստիտուտում, Երևանի Բուսաբանական այգում։ Փառատոնի շրջանակներում Դուք կտեղափոխվեք ժամանակակից աշխարհ, կծանոթանաք ռոբոտաշինության նորարարություններին, տեղեկատվական տեխնոլոգիաներով ստեղծվող արվեստի աշխատանքներին։
Մշակութային վերածնունդ
Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզի Դիլիջան առողջարանային քաղաքում նշվում է Արվեստների և արհեստների համահայկական ամենամյա փառատոնը։ Փառատոնի ընթացքում հյուրերը ծանոթանում են հմուտ դարբինների, բրուտագործների, փայտագործների աշխատանքներին, հաճախում են հայ լավագույն խոհարարների վարպետաց դասերին, հիանում պարախմբերի ու երգիչների կատարումներով։ Այս փառատոնին յուրաքանչյուրը կգտնի իր սրտին մոտ զբաղմունք։
Երևանի գիշերային երաժշտական փառատոն
Անունն ինքնին ամեն բան ասում է։ Սեպտեմբերի 9-ին երաժշտասերները հավաքվում են Երևանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում՝ վայելելու լավագույն արտիստների կատարումներն և ունկնդրելու տարբեր ոճերի ու ժանրերի երաժշտություն։ Այդ օրը քաղաքը երգում է․ շրջակա բոլոր ռեստորաններից ու սրճարաններից հնչում է երաժշտություն։
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն
Սեպտեմբերի 16-17-ը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում կանցկացվի Բերքի 10-րդ հոբելյանական փառատոնը։ Դուք կարող եք մասնակից դառնալ գյուղատնտեսական ընկերությունների և ամբողջ Հայաստանի ֆերմերների արտադրանքների շնորհանդեսին։ Փառատոնի ընթացքում ընկերական մրցակցություն կանցկացվի ներկա գտնվող ֆերմերների միջև, հաղթողը կստանա մրցանակ։ Ազգային կենդանի երաժշտության ելևէջների ներքո հյուրերը կարող են համտեսել Հայաստանի տարբեր շրջաններից բերված միրգ, բանջարեղեն։
Գաթայի փառատոն
Հայկական գաթան ազգային ավանդական քաղցր խմորեղեն է՝ լցված հալած կարագով և շաքարով (խորիզով), երբեմն նաև ընկույզով և չոր մրգերով։ Արդեն 10 տարի է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում անցկացվում է հրուշակեղենի այս գլուխգործոցին նվիրված փառատոն։ Այս տարի այն նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի վերջին։ Ներկա լինելով այս փառատոնին ՝ Դուք հնարավորություն կունենաք համտեսելու ոչ միայն ավանդական գաթա, այլև բազմազան հայկական ուտեստներ, չրեր, մուրաբաներ։ Փառատոնի ավադույթը չխախտելով՝ ամեն տարի պատրաստում են հսկայական գաթա։ Օրինակ՝ 2017 թվականին փառատոնի գլխավոր գաթայի տրամագիծը կազմել է 4 մետր, իսկ 2019 թվականին՝ 4 ու կես մետր։ Հետաքրքիր է, թե ա՛յս անգամ ինչպես կզարմացնեն փորձառու հրուշակագործները։
Օդապարիկների փառատոն
Ուզո՞ւմ եք բարձրանալ ամպերից վեր, թռչնի թռիչքի բարձրությունից նայել ամեն ինչին և ստանալ ադրենալինի մեծ չափաբաժին․ ապա 2023 թվականի հոկտեմբերի 14-ից 18-ը Երևանում անցկացվելիք Միջազգային ավիացիոն փառատոնը հենց Ձեզ համար է։ Երկնքում միաժամանակ կհայտնվեն Հայաստանի և արտերկրի ավելի քան 20 օդապարիկ։ Անկախ նրանից՝ Դուք համարձակություն կունենաք օդ բարձրանալու թե ոչ, այնուամենայնիվ, այս տեսարանը տեսնել է պետք։
Դդմի փառատոն
Շատ երկներում են դիֆերամբներ ձոնում այս նարնջագույն պտղին։ Չեք փոշմանի, եթե հոկտեմբերի վերջին այցելեք Տավուշի մարզի Հովք գյուղ և համտեսեք դդմով ուտեստներ, դդմի հյութ, ընկույզ, մեղր և գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Այստեղ Դուք կընկղմվեք աշնանային հեքիաթային մթնոլորտ, կվայելեք ազգային պարն ու երաժշտությունը։ Փառատոնին վաճառքի են ներկայացվում դդմի տարբեր տեսակներից պատրաստված դեկորատիվ իրեր, որոնք վառ գույներով կլցնեն Ձեր բնակարանը։
Իհարկե, սա Հայաստանում ացկացվող փառատոնների ողջ ցանկը չէ, բայց հուսով ենք, որ կարողացանք Ձեզ տպավորիչ ներկայացնել աշնանը սպասվող հայաստանյան ազգային, մշակութային, ժամանցային տոնակատարությունները: Աշուն, Երևան, փառատոն, գույներ, երգ ու պար, բերքառատ ու անուշաբույր սեղաններ, ջերմ հյուրասիրություն. ահա՛ այն ամենն, ինչ կարող եք տեսնել աշնանը Հայաստանում: