Աշունն արդեն թակում է մեր դռները, բայց դեռ ուզում ենք զգալ արևի ջերմ շունչը։ Հայաստանում աշունը ամռան կարճ շարունակությունն է։ Հայաստանը կանչում է Ձեզ անմոռանալի ճամփորդության՝ ոսկեզօծ աշնան գույների ու ջերմության ներքո։
Սեպտեմբերը մի գայթակղիչ կոկտեյլ է հիշեցնում, որտեղ հմտորեն խառնել են ամռան և աշնան լավագույն համերն ու երանգները։ Հոկտեմբերն արդեն լի է աշնանային տրամադրություններով, օդում ամենուր տերևների թաց բույր կա։ Նոյեմբերն իր դռներն է բացում ձմռան առջև, բայց մերթընդմերթ երևացող արևի շողերն էլի խոստանում են մեղմ ձմեռ։
Հայաստանի աշնանային գույները
Աշնանը Հայաստանում կարող եք տեսնել գույների հարուստ գունապնակ։ Երևանը մեր վարդագույն քաղաքն է, Սևանը՝ կապուտաչյա գեղեցկուհին: Խոր Վիրապի վանքը շրջապատված է անսահման կանաչով, Բիբիլիական Արարատն էլ մշտապես փայլում է ձյունաճերմակ ձյունով։
Ծանո՞թ եք Մարտիրոս Սարյանի կտավներին։ Նրա կտավների վառ գույները համահունչ են աշնանային Հայաստանի բոլոր երանգներին։ Հյութալի հատապտուղների և քաղցր մրգերի բազմազանությունն ուղղակի շլացնում է։ Ուզո՞ւմ եք համտեսել դեղնականաչ քաղցրահամ խաղող, նարնջագույն դեղձ, կարմրաթուշ ծիրան ու նուռ․ առանց մի րոպե մտածելու վերցրե՛ք ձեր ընտանիքի անդամներին և ճանապարհ ընկեք դեպի Դիլիջան։ Հոկտեմբերին այստեղ խիտ անտառով պատված բլուրներն ու լանջերը շողում են բոլոր գույներով՝ դեղինից մինչև բոսորագույն։ Այստեղ դուք կգտնեք այն ամենն, ինչ հարկավոր է Ձեր աչքերին ու քիմքին։
Եղանակը Հայաստանում աշնանը
Աշնանը Հայաստանը հաճելիորեն կզարմացնի ձեզ իր մեղմ կլիմայական պայմաններով։
1․ Սեպտեմբերին ցերեկային ջերմաստիճանը տատանվում է +20°C-ից +28°C, իսկ գիշերը իջնում է մինչև +11°C:
2․ Հոկտեմբերին ցերեկն օդի ջերմաստիճանը տաքանում է մինչև +16°C, գիշերը ջերմաչափը +2°C-ից չի իջնում։
3․ Նոյեմբերին ցերեկային ջերմաստիճանը +6°C-ից +12°C է, իսկ գիշերը՝ մինչև –1°C։
Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ Հայաստանը լեռնային երկիր է, և այստեղ, կախված տարածաշրջանի տեղակայման բարձրությունից, բնակլիմայական պայմանները կարող են զգալիորեն տարբերվել։
Որտե՞ղ և ինչպե՞ս անցկացնել աշնանային հանգիստը Հայաստանում
Նախ՝ համոզված եղեք, որ միանշանակ հետաքրքիր է լինելու։ Դրա համար ծանոթացնենք մի քանի տուրերի հետ, որ կարող եք պատվիրել աշնանը:
1․ Պատմամշակութային շրջագայությունները ներառում են՝ այցելություններ պատմական վայրեր, թանգարաններ, հնագույն տաճարներ և վանքեր, ճարտարապետական հուշարձաններ, մշակույթի և ավանդույթների ուսումնասիրություն: Կզգաք հոգևոր հանգստության և խաղաղության մթնոլորտը՝ այցելելով Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ, Տաթև։
2․ Գաստրոնոմիական տուրերը Ձեզ կծանոթացնեն հայկական խոհանոցի առանձնահատկություններին և թույլ կտան ոչ միայն համտեսել, այլև ներկա գտնվել վարպետության դասերի։ Գառնիում կփորձեք համեղ գաթա, Բջնի գյուղում՝ սագի տոլմա, Բյուրական գյուղում՝ դդումով ղափամա, Սևանա լճում՝ իշխան և խեցգետին, Էջմիածնում՝ քյուֆթա…
3․ Էքստրեմալ տուրերը բաղկացած են արշավներից և ձիավարությունից՝ ինչպես սիրողական, այնպես էլ մասնագիտացած զբոսաշրջիկների համար: Լեռները, ժայռերը, կիրճերն ու անտառները գրավում են նման հանգստի գիտակներին։ Ալպինիզմի և ժայռամագլցման սիրահարներին գրավում է Արագած լեռը, Նորավանքի և Գառնու վանքերի կիրճերը։ Ձիով կարող եք գնալ դեպի Ապագա էկո-հանգստավայր, Արմաղան լեռան ստորոտ, Վայոց ձորի մարզ և այլն։
4․ Բժշկական և առողջարարական տուրերն առաջարկում են բուժում բնական աղբյուրներով, ջերմային և ցեխային լոգանքներով, մերսում, ֆիզիոթերապիա և այլն Արզնիի, Ջերմուկի, Դիլիջանի լավագույն առողջարաններում և առողջապահական կենտրոններում։
Հայաստանն աշնանը հագեցած է տոներով ու փառատոններով՝ Խաչիկ գյուղի գաթայի տոնը, Արենայի գինու տոնը, թե Բյուրականի Նավասարդի բերքի տոնը:
Աշնանային Հայաստանը գրկաբաց սպասում է բոլորին, համեցե՛ք: