Ի՞նչ կարելի է տեսնել Երևանում մեկ օրվա ընթացքում

Բոլորս էլ ունենում ենք հյուրեր արտերկրից, և կարիք է լինում նրանց համար կարճ ժամանակահատվածում կազմակերպել տուր Երևանի տեսարժան վայրերով։ Փորձենք ներկայացնել այն վայրերը, որոնք անպայման պետք է այցելել Երևանում լինելիս:

Հանրապետության հրապարակ․ սա ոչ միայն կենտրոնական հրապարակն է, այլև վարդագույն և սպիտակ տուֆից կառուցված 4 շենքերից բաղկացած ճարտարապետական համալիր․ Հայաստանի պատմության թանգարան, ՀՀ կառավարություն, Գլխավոր փոստային բաժանմունք, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Արտաքին գործերի և Էներգետիկային նախկին նախարարություններ։ Մայիսից մինչև սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ, շաբաթական 6 օր, երեկոյան ժամերին դուք կարող եք վայելել երգող շատրվանների լուսային էֆեկտները, ջրի շիթերի պարը՝ երաժշտական գլուխգործոցների հնչյունների ներքո։ Ջրային ներկայացման վերջում հնչում է աշխարահռչակ Շարլ Ազնավուրի «Une vie d’amour» (Հավերժական սեր) ստեղծագործությունը։

Հյուսիսային պողոտան Հանրապետության հրապարակն Ազատության հրապարակին միացնող հետիոտնային փողոց է։ Էլիտար բնակելի շենքեր, գեղեցիկ, թանկարժեք բուտիկներ, հուշանվերների խանութներ, ոճային ռեստորաններ և սրճարաններ: Ոմանք այն համեմատում են Արբատի հետ. այստեղ կգտնեք նկարիչների, որոնք առաջարկում են նկարել ձեր դիմանկարը, փողոցային երաժիշտների, որոնք նվագում են տարբեր գործիքներով և այլն։

Ազատության հրապարակը կից է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին, իսկ մյուս կողմից Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահն է։ Շուրջբոլորը սրճարաններ են։ Այստեղ է գտնվում Կարապի լիճը՝ Սևանի ուրվագծով։ Տարվա տաք եղանակին լիճը հմայում է լողացող սպիտակ և սև կարապներով, իսկ ձմռանը լիճը վերածվում է բացօթյա սահադաշտի։

Մատենադարան․ Հին ձեռագրերի գիտահետազոտական ​​ինստիտուտը ձեզ կներկայացնի միջնադարյան եզակի ձեռագրեր (մոտ 23000), հազվագյուտ գրքեր լատիներեն, հունարեն և այլ լեզուներով, հնագույն քարտեզներ և նկարազարդումներ։

«Արարատ» և «Նոյ»՝ կոնյակի գործարանները, որոնցից յուրաքանչյուրն իր ստեղծման պատմությունն ունի։ Գործարաններում շրջայցը ներառում է զբոսանք մառաններում և համտես։
Եվ սա միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչով կարող է գրավել մայրաքաղաքի կենտրոնը։ Եթե ​​մի փոքր առաջ գնանք, կհայտնվեք այն այգում, որտեղ վեր է խոյանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը` ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի։ Համալիրի տարածքում գործում է թանգարան-ինստիտուտը, որտեղ յուրաքանչյուր ցուցատախտակ ու փաստաթուղթ վկայում է այն ժամանակվա ողբերգական իրադարձությունների մասին։

Եթե ​​այգով իջնեք մյուս ուղղությամբ, կհայտնվեք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ հաճախ են անցկացվում սպորտային միջոցառումներ ու մրցույթներ, համերգներ ու ցուցահանդեսներ։

Ցավոք, մեկ օրը շատ քիչ է: Բայց այսքանն էլ բավական կլինի անմոռանալի տպավորություններ ստանալու և գերվելու Երևանի գեղեցկությամբ: