Բոլորս էլ ունենում ենք հյուրեր արտերկրից, և կարիք է լինում նրանց համար կարճ ժամանակահատվածում կազմակերպել տուր Երևանի տեսարժան վայրերով։ Փորձենք ներկայացնել այն վայրերը, որոնք անպայման պետք է այցելել Երևանում լինելիս:
Հանրապետության հրապարակ․ սա ոչ միայն կենտրոնական հրապարակն է, այլև վարդագույն և սպիտակ տուֆից կառուցված 4 շենքերից բաղկացած ճարտարապետական համալիր․ Հայաստանի պատմության թանգարան, ՀՀ կառավարություն, Գլխավոր փոստային բաժանմունք, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Արտաքին գործերի և Էներգետիկային նախկին նախարարություններ։ Մայիսից մինչև սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ, շաբաթական 6 օր, երեկոյան ժամերին դուք կարող եք վայելել երգող շատրվանների լուսային էֆեկտները, ջրի շիթերի պարը՝ երաժշտական գլուխգործոցների հնչյունների ներքո։ Ջրային ներկայացման վերջում հնչում է աշխարահռչակ Շարլ Ազնավուրի «Une vie d’amour» (Հավերժական սեր) ստեղծագործությունը։
Հյուսիսային պողոտան Հանրապետության հրապարակն Ազատության հրապարակին միացնող հետիոտնային փողոց է։ Էլիտար բնակելի շենքեր, գեղեցիկ, թանկարժեք բուտիկներ, հուշանվերների խանութներ, ոճային ռեստորաններ և սրճարաններ: Ոմանք այն համեմատում են Արբատի հետ. այստեղ կգտնեք նկարիչների, որոնք առաջարկում են նկարել ձեր դիմանկարը, փողոցային երաժիշտների, որոնք նվագում են տարբեր գործիքներով և այլն։
Ազատության հրապարակը կից է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին, իսկ մյուս կողմից Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահն է։ Շուրջբոլորը սրճարաններ են։ Այստեղ է գտնվում Կարապի լիճը՝ Սևանի ուրվագծով։ Տարվա տաք եղանակին լիճը հմայում է լողացող սպիտակ և սև կարապներով, իսկ ձմռանը լիճը վերածվում է բացօթյա սահադաշտի։
Մատենադարան․ Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը ձեզ կներկայացնի միջնադարյան եզակի ձեռագրեր (մոտ 23000), հազվագյուտ գրքեր լատիներեն, հունարեն և այլ լեզուներով, հնագույն քարտեզներ և նկարազարդումներ։
«Արարատ» և «Նոյ»՝ կոնյակի գործարանները, որոնցից յուրաքանչյուրն իր ստեղծման պատմությունն ունի։ Գործարաններում շրջայցը ներառում է զբոսանք մառաններում և համտես։
Եվ սա միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչով կարող է գրավել մայրաքաղաքի կենտրոնը։ Եթե մի փոքր առաջ գնանք, կհայտնվեք այն այգում, որտեղ վեր է խոյանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը` ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի։ Համալիրի տարածքում գործում է թանգարան-ինստիտուտը, որտեղ յուրաքանչյուր ցուցատախտակ ու փաստաթուղթ վկայում է այն ժամանակվա ողբերգական իրադարձությունների մասին։
Եթե այգով իջնեք մյուս ուղղությամբ, կհայտնվեք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ հաճախ են անցկացվում սպորտային միջոցառումներ ու մրցույթներ, համերգներ ու ցուցահանդեսներ։
Ցավոք, մեկ օրը շատ քիչ է: Բայց այսքանն էլ բավական կլինի անմոռանալի տպավորություններ ստանալու և գերվելու Երևանի գեղեցկությամբ: